ԱՄՆ բանտերի ավելի քան 5000 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

13:14 • 06.05.20

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի սկզբից դաշնային և պետական մի շարք ուղղիչ հաստատությունների ավելի քան 5000 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է ABC հեռուստաալիքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 5002 բանտային աշխատակցի՝ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը դրական պատասխան է ցույց տվել։ Դաշնային բանտերում գրանցվել է վարակման 359 դեպք, իսկ մնացած վարակակիրներն այս կամ այն նահանգային իշխանությանը ենթակա քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ են։

«Եթե համաշխարհային օրինակով հետևեք, թե վիրուսն ինչպես է զարգանում, ապա կտեսնեք, որ ուղղիչ հաստատություններում այն հրդեհի նման է տարածվում և ներառում գրեթե բոլորին»,- նշել է Միչիգանի ուղղիչ հաստատության գործադիր տնօրեն Էնդի Փոթերը։

Տեղական բանտային խորհրդի (Council of Prison Locals) ազգային ղեկավար Շեյն Ֆոսիի խոսքով էլ՝ հնարավոր է, որ դաշնային ուղղիչ հաստատություններում վարակման շատ ավելի դեպքեր լինեն, սակայն թեստերի պակասի հետևանքով բացահայտված չլինեն։