ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ կալանավորների փոխանակում իրականացնել
Միացյալ Նահանգները մոտ ապագայում կարող է երկրից արտաքսել կալանքի տակ գտնվող իրանցի գիտնական Սիրուս Ասգարիին՝ նրան Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացիներից մեկի հետ փոխանակելով, գրում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությանը կից ներգաղթային-մաքսային ծառայության ներկայացուցիչը հաստատել է, որ Իրանի քաղաքացին կորոնավիրուսով է վարակվել, և այս պահին նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Այժմ ԱՄՆ իշխանությունները սպասում են Ասգարիի ատողջական վիճակի բարելավմանը, որպեսզի կարողանան նրան Իրան ուղարկել։
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ-ում Պակիստանի դեսպանատան Իրանի շահերը ներկայացնող բաժնի փոխտնօրեն Աբուլ Ֆադլ Մեհրաբադին հայտնել է, որ Թեհրանն աշխատում է Ասգարիի վերադարձի կազմակերպման ուղղությամբ:
«Մենք աշխատում և համագործակցում ենք ներգաղթային իշխանությունների հետ, որպեսզի նրա արտաքսումն Իրան հնարավորինս շուտ տեղի ունենա»,- նշել է Մեհրաբադին։
Իրանական այլ աղբյուրների փոխանցմամբ էլ՝ ամերիկյան կողմից փոխանակման համար հնարավոր տարբերակ է ԱՄՆ քաղաքացի Մայքլ Ուայթը, որն Իրանում 2018 թվականին է ձերբակալվել։ Չնայած մարտի կեսերին առողջական վատ վիճակի հետևանքով ազատ արձակվելուն՝ Ուայթը դեռևս Իրանում է գտնվում։










