Կորոնավիրուսի հետ կապված չվերթների չեղարկման պատճառով ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անհապաղ օգնության կարիք ունեն. ՀՀ հյուպատոսություն

00:08 • 06.05.20

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմել է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող հայերին և մասնավոր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար՝ ՀՀ այն քաղաքացիներին, որոնք չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:

Հյուպատոսության հայտարարությունը, որը հրապարակվել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ,

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված` չվերթների չեղարկման պատճառով, ԱՄՆ արևմտյան նահանգներում և հատկապես Հարավային Կալիֆորնիայում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ են մնացել, որոնց մի մասը անհապաղ օգնության կարիք ունի՝ դեղորայքի, ֆինանսական, կեցության և այլ խնդիրներ հոգալու առնչությամբ։

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչով դիմում է ԱՄՆ արևմտյան նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին և մասնավոր ընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար՝ ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով ստիպված ժամանակավորապես գտնվում են ԱՄՆ-ում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օժանդակություն ցուցաբերել ՀՀ նշված քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ (818) 696-6078 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով, հետևյալ հասցեով՝ armeniaconsulategen@gmail.com»: