Լսելով Ձեզ՝ տպավորություն է, որ ոլորտում գրեթե բոլոր խնդիրները լուծված են, սակայն քաղաքացիներից ստացված բողոքները հակառակն են փաստում. պատգամավորը՝ Զարուհի Բաթոյանին

13:43 • 07.05.20

Ես վստահ չեմ, որ ՀՀ-ում կամ այլ երկրում կլինի Աշխատանքի և սոցիալական հարցերի մի նախարար, որից բոլորը գոհ կլինեն, ու դա նորմալ է, որովհետև սոցիալական խնդիրներն ու սոցիալական ոլորտի բարեփոխումներն ամենօրյա աշխատանք են, որը մենք պետք է կատարենք: Այս մասին ԱԺ-ում կառավարության 2019թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:

Վերջինս Բաթոյանին խնդրեց ներկայացնել, թե անցած տարի ինչ բացթողումներ են եղել: «Լսելով Ձեր զեկույցը՝ տպավորություն է առաջանում, որ ոլորտում գրեթե բոլոր խնդիրները լուծված են, ամեն ինչ հիանալի է, սակայն այն դիմումները, բողոքները, որ մենք պարբերաբար ստանում ենք տարբեր բնագավառներից Ձեր ոլորտի վերաբերյալ, հակառակն են փաստում: Ցանկալի է՝ Դուք մի քիչ խոսեք, թե անցած տարի ի՞նչ բացթողումներ են եղել, ինչ խնդիրներ են եղել, որ չեք կարողացել լուծել, քանի որ, նայելով ընդհանուր պատկերին՝ կարելի է անցած տարին ոլորտի համար համարել, որպես ձախողման տարի, որովհետև մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք լուծված չեն»,-ասաց պատգամավորը:

Նախարարն արձագանքեց, թե համաձայն չէ, որ 2019թ. ձախողված էր: «Եթե Դուք այդպես եք կարծում, շնորհակալ կլինեմ, եթե մատնանշեք, թե հատկապես ո՞ր ոլորտում կան քայլեր, որոնք ձախողել ենք: Իհարկե, կան շատ աշխատանքներ, որոնք մենք պետք է անենք և գուցե ավելի լավ կարող էինք անել, և ես երբեք չեմ համարի, որ բավարար է կամ դրական մեր աշխատանքը, բայց ես վստահ եմ, որ կան կարևոր փոփոխություններ, 2019թ. կուտակված խնդիրների լուծման տարի էր»,-ասաց Զարուհի Բաթոյանը: