Իտալացի հետազոտողները պնդում են, որ ստեղծել են կորոնավիրուսի դեմ «աշխարհում առաջին արդյունավետ պատվաստանյութը»
Իտալացի հետազոտողները պնդում են, որ ստեղծել են կորոնավիրուսի դեմ «աշխարհում առաջին արդյունավետ պատվաստանյութը», որն աշնանը պատրաստվում են փորձարկել մարդկանց վրա, գրում է Daily Mail-ը։
Ըստ հաղորդման՝ իտալական Takis Biotech ընկերության ստեղծած պատվաստանյութը հաջողություն է արձանագրել մկների վրա փորձարկումների ժամանակ։
Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ փորձարարական մկների մոտ առաջացած հակամարմինները կարող են կանխել մարդու բջիջների կորոնավիրուսով վարակումը։
Takis-ի գլխավոր գործադիր տնօրեն Լուիջի Աուրիսիկիոն հայտնել է, որ իտալական թիմը ծրագրում է մարդկանց վրա փորձարկումները սկսել աշնանը։
«Որքան մեզ հայտնի է՝ մեր պատվաստանյութն աշխարհում առաջինն է, որը հանգեցրել է կորոնավիրուսի չեզոքացմանը»,- ասել է նա։
Իտալացի հետազոտողների թիմը, համեմատելով մկների վրա «պատվաստանյութի հինգ տարբեր թեկնածուների» ազդեցությունները, հայտնել է, որ պատվաստանյութի յուրաքանչյուր տարատեսակն ի պատասխան կորոնավիրուսի՝ 14 օրվա ընթացքում արտադրել է «ուժեղ հակամարմիններ»։
Պատվաստանյութերից երկուսը ճանաչվել են «ապագա կլինիկական հետազոտության լավագույն թեկնածուները»։










