Թուրքիայից Մեծ Բրիտանիա ուղարկված 400 000 բժշկական հանդերձը չի համապատասխանել բրիտանական չափանիշներին, ապրանքը հետ կուղարկվի. The Guardian
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին անձնական պաշտպանության իրերի անբավարարության պատճառով բրիտանացի նախարարներն անցյալ ամիս հայտարարել էին մոտ ժամանակներս Թուրքիայից բեռնատար ինքնաթիռներով եկող իրերի մասին, որոնք պետք է նախատեսված լինեին Առողջապահության ազգային ծառայության համար: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
Բեռի ժամանումից հետո պարզվել է, որ ուղարկված 400 000 բժշկական հանդերձները չեն համապատասխանում բրիտանական չափանիշներին:
Առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունը մայիսի 6-ի երեկոյան տեղեկացրել է, որ այդ իրերը պահպանվում են Հիթրոու օդանավակայանին մոտ գտնվող վայրում և պետք է հետ ուղարկվեն: Բրիտանական կողմը ցանկանում է փոխհատուցում ստանալ Թուրքիայից իր գնած և չափանիշներին չհամապատասխանող ապրանքի դիմաց:
Թուրքիայից եկող օգնության մասին հայտարարվել էր ապրիլի 18-ին, երբ իշխանությունները նախազգուշացում էին ստացել, որ անհրաժեշտ պաշտպանական միջոցների բացակայության պատճառով Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցները հնարավոր է հրաժարվեն աշխատել:










