Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը

15:19 • 07.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդականի պաշտոնում առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը, այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հովակիմյանը ներկայում Արդարադատության նախարարությունում զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալ և գլխավոր դատախազի տեղակալի շտաբի ղեկավար Ջեֆրի Ա. Ռոզենի օգնականի պաշտոնը: Նա նաև աշխատել է որպես անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտի տնօրեն և Կալիֆոռնիայի Հարավային շրջանում Միացյալ Նահանգների դատախազի օգնական:

Բացի այդ, Հովակիմյանը Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությանն առընթեր արտասահմանյան պետությունների պահանջների կարգավորման հանձնաժողովի հանձնակատարն է․ այդ պաշտոնում նրան առաջադրել էր Դոնալդ Թրամփը, որը 2018-ին հաստատվել է Սենատի կողմից։

Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ իր կարիերայի սկզբում Հովակիմյանն իրավաբանական գործունեություն է ծավալել։