Հնդկաստանում քիմիական գործարանից թունավոր նյութերի արտահոսք է տեղի ունեցել, կա առնվազն 9 զոհ և հարյուրավոր տուժածներ (լուսանկարներ)

12:47 • 07.05.20

Հնդկաստանի Վիշաքհափաթնամ քաղաքի շրջանում LG Polymers քիմիական գործարանից թունավոր ցնդող նյութերի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 9 մարդ է մահացել, գրում է The Guardian-ը։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 9 մարդ, հարյուրավոր մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ։ Արտահոսքը տեղի է ունեցել մարտի 24-ին հայտարարված կարանտինից հետո գործարանի վերաբացման օրը։

Փրկարարները կանխատեսում են, որ թունավոր նյութերը կտարածվեն երեք կիլոմետր շառավղով, իշխանությունները մարդկանց տարհանում են մերձակա շրջաններից: Արտահոսքը տեղի է ունեցել երկու 5000 տոննանոց ցիստեռններից։

Հաղորդվում է, որ գործարանը գտնվում է 3000-4000 բնակիչ ունեցող գյուղից ոչ հեռու։

«Երբ մենք ժամանեցինք դեպքի վայր, շատ մարդիկ անգիտակից վիճակում պառկած էին գետնին․ մենք տարհանել ենք մոտ 1000 մարդու և տեղափոխել հիվանդանոցներ։ Նրանցից մոտ 100-ը լրջորեն տուժել են»,- ասել է քաղաքի պաշտոնյաներից մեկը։

Շրջանային հիվանդանոցների համակարգողը նշել է, որ առնվազն 1000 մարդ տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ, և մտավախություն կա, որ շատ մարդիկ կարող են անգիտակից վիճակում մնացած լինել իրենց տներում։

«Դեռ վաղ առավոտ է, և կան մարդիկ, որոնք դեռ քնած են իրենց տներում»,-ասել է նա France-Presse գործակալությանը:

Գործարանը պատկանում է հարավկորեական LG Corp․ LG Chem ընկերությանը։ Ընկերությունն ավելի ուշ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ գործարանից թունավոր նյութերի արտահոսքը դադարել է, և իրավիճակն այժմ հսկողության տակ է։

Gas leak at LG Polymers plant in India kills six, over 120 ...