Երկրները պետք է վստահ լինեն, որ կորոնավիրուսի բռնկման ռիսկերը նվազագույնի են հասցվում բարձր խոցելիություն ունեցողների շրջանում և հետո անցնեն սահմանափակումները հանելու հաջորդ փուլին․ ԱՀԿ ներկայացուցիչ

21:24 • 07.05.20

Tert.am-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերում նրան, որ Հայաստանը կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումները մեղմացրեց, հանեց սահմանափակումներն այն դեպքում, երբ վարակվածների ընդհանուր թիվն արդեն անցնում է  2500-ը, իսկ օրական վարակվածների թիվը՝  100-ը (հարցումն ուղարկվել է մայիսի 4-ին)։

Tert.am-ին պատասխանել է ԱՀԿ-ի Հայաստանի ներկայացուցիչ Եգոր Զայցևը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ տեղաշարժը դեպի անցումային փուլ լինի աստիճանական՝ հաշվի առնելով նաև վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը, որը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից է եղել:

ԱՀԿ ներկայացուցչի հետ հարցուպատասխանը՝ ստորև․

 -Այն դեպքում, երբ Հայաստանում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը անցնում է  2500-ը և մահացության դեպքերը մոտ են 40-ին, իսկ օրական վարակվում է 100-ից ավելի մարդ, ՀՀ կառավարությունը որոշել է հանել սահմանափակումները: Ի՞նչ կարծիք ունեք այս մարտավարության վերաբերյալ, արդյոք աճող դեպքերը չե՞ն սպառնում կոլապսի ենթարկել ՀՀ առողջապահական համակարգը:

-Տեղաշարժը դեպի անցումային փուլ կարևորագույն քայլ է, որ պետք է բոլոր երկրներն իրականացնեն շատ զգուշորեն: Մենք ԱՀԿ-ում յուրաքանչյուր երկրի խորհուրդ ենք տալիս հաշվի առնել վեց չափանիշ՝ վստահ լինելու համար, որ

• կան անհրաժեշտ փաստեր, որ ցույց են տալիս, որ COVID-19 փոխանցումը վերահսկվում է,

 • առկա են անձանց հայտնաբերելու, մեկուսացնելու, թեստավորելու, նրանց հետ շփում ունեցածների հետքերը գտնելու և վերջիններիս կարանտինում պահելու համար անհրաժեշտ կարողությունները,

• բռնկման ռիսկերը նվազագույնի են հասցվում բարձր խոցելիություն ունեցողների շրջանում, մասնավորապես՝ տարեցների տներում, հոգեկան առողջության հաստատություններում և մարդաշատ բնակելի տարածքներում,

• աշխատավայրերում սահմանված են կանխարգելիչ միջոցառումներ՝ ներառյալ ֆիզիկական հեռավորության պահպանումը, ձեռքի լվացման միջոցների առկաայությունը և շնչառական վարվելակարգին տիրապետելը,

 • հնարավոր է կառավարել վարակի մուտք գործելու ռիսկերը,

• համայնքներն ունեն ձայն, տեղյակ և ներգրավված են, և իրենց մասնակցությունն են ապահովում անցումային փուլին:

Անհրաժեշտ է, որ ՀՀ կառավարությունն այդ չափանիշներն ապահովի նախքան հաջորդ փուլին անցնելը: Բացի այդ, կարևոր է, որ տեղաշարժը լինի աստիճանական՝ հաշվի առնելով նաև վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը, որը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշներից է եղել:

Մայիսի 6-7-ը ԱՀԿ-ն Հայաստանում իրականացնում է եվրոպական տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջին, այսպես ասած, վիրտուալ առաքելությունը` որոշելու COVID-19-ին արձագանքելու առավելագույն արդյունավետ միջոցները, այդ թվում նաև՝ անցումային ժամանակահատվածում:

-Ի՞նչ պետք է անեն Հայաստանի նման երկրները՝ խուսափելու համար և՛ առողջապահության և՛ տնտեսության ոլորտներում հնարավոր կոլապսից: Ո՞րն է Ձեր խորհուրդը նրանց:

- Վարակները ստեղծում են սոցիալ-տնտեսական մարտահրավերներ, որոնք հասկանալիորեն միմյանց հետ մրցակցության մեջ մտած առաջնահերթությունները որոշելու մարտահրավերի առաջ են մեզ կանգնեցնում․ դրանց թվում են, օրինակ, COVID-19-ի դեմ պայքարում մարդկանց առողջության պաշտպանությունը առավելագույնի և սոցիալ-տնտեսական ազդեցությունը նվազագույնի հասցնելը։

Մենք ի սկզբանե բոլոր երկրներին խորհուրդ ենք տվել վիրուսի տարածումը սահմանափակելու նպատակով անցնել խառը միջամտությունների կիրառման (սկսած թեստավորումից, հետքերի հայտնաբերումից, բուժումից, վարակի տարածումը կանխարգելելուն նպատակաուղղված մեկուսացման միջոցառումներից, վերջացրած ֆիզիկական հեռավորության պահպանմամբ), ինչը կօգնի դանդաղեցնել վարակի փոխանցումը՝ թույլ տալով հիվանդանոցներին և այլ առողջապահական այլ հաստատություններին շահել ժամանակ հիվանդների մեծ ներհոսքերը կարգավորելու համար պատրաստվելու և զինվելու տեսանկյունից:

Այսպիսով, շատ կարևոր է, որ անցումային փուլը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ առողջապահական համակարգն ունի բավարար կարողություն սահմանափակելու տարածման շրջանակը և բուժել հիվանդներին, այդ թվում նրանց, ովքեր ինտենսիվ խնամք են պահանջում: Ինչպես վերը նշվեց, սա կարևորագույն քայլ է, որը համապարփակ և մանրակրկիտ մոտեցում է պահանջում:

Հռիփսիմե Հովհաննիսյան