Այն հասարակությունը, որտեղ բոլոր չափանիշներով նորմալ ընտանիքի նորմալ հայրը կարող է սպանել իր երեխաներին և ինքնասպան լինել, ինքն իրեն հարցեր տալու պատճառներ ունի. Աննա Հակոբյան (տեսանյութ)

01:05 • 07.05.20

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով անդրադարձել է մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 40-ամյա տղամարդը, 9-րդ հարկից ցած նետելով 2 անչափահաս երեխաներին, ինքնասպան էր եղել:

Աննա Հակոբյանը նախ ներկայացրել է, թե ինչպիսի կարծիք է հասարակության շրջանում ձևավորվել դեպքի առնչությամբ՝ հատկապես անդրադառնալով այն փաստին, որ սոցիալական ցանցերում շատերը քննադատել են և կատարվածի համար մեղավոր են համարել ընտանիքի մորը, մինդեռ դրա համար, ըստ նրա, ոչ մի հիմք չի եղել։

Նա շարունակել է, թե ի հակադրություն ընտանիքի կնոջ հասցեին ուղղված մեղադրանքների՝ հիմք կա կարծելու, որ, միգուցե, ընտանիքի հայրը հոգեբանական խնդիրներ է ունեցել, ինչի մասին կարող է վկայել Երևանի պատմության թանգարանի տնօրենի տված բնութագիրը, ըստ որի, նա փորձաշրջան անցնելուց հետո աշխատանքի չի ընդունվել և ներկայացրել է առաջարկներ, գաղափարներ, որոնք տնօրինության հավանությանը չեն արժանացել։

«Տղամարդը գտնվել է տարիքային բարդ խմբի մեջ, փորձել է վերագտնել իրեն, գուցե աշխատանք գտնելու այլ փորձեր նույնպես եղել են, որ ձախողվել են, իր մոտ զարգացել է թերարժեքության բարդույթ, ինքնագնահատականի անկում, ունեցել է գեղեցիկ կին, որին խանդել է․ ունենք ինֆորմացիա, որ կինը տնից դուրս չի եկել շատ, և միգուցե դա հարկադրված է եղել այդպես անել։ Գուցե նաև կարող ենք ասել՝ կինը ճնշմանը չի դիմացել, որոշել է բաժանվել, բայց քանի որ ունենք տեղեկատվություն, որ նրանք հաշտվել են, կարող ենք ենթադրել, որ կինը վերադարձել է ՝ հույս ունենալով փրկել իր ընտանիքը։ Կարծում եմ՝ եթե իրավունք ունենք քննարկելու, որ կնոջ վարքն է եղել նման բանի պատճառը, իրավունք ունենք քննարկելու նաև, որ, կարող է՝ ամուսնու խնդիրներն են հանգեցրել նման ողբերգական վախճանի»,- ասել է վարչապետի տիկինը:

Նա հիշատակել է նաև վերջին տարիներին տեղի ունեցած սպանությունների և ինքնասպանությունների դեպքեր՝ դրանց միջև զուգահեռներ տանելով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: