Ադրբեջանի խորհրդարանում «կառուցվածքային բարեփոխումների» շրջանակում աշխատանքից ազատվել է աշխատակազմի ավելի քան 40 աշխատակից

13:11 • 07.05.20

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մեհման Գաիբովը հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդարանում կատարվող «կառուցվածքային բարեփոխումների» շրջանակում աշխատանքից ազատվել է խորհրդարանի աշխատակազմի ավելի քան 40 աշխատակից: Այս մասին տեղեկացնում է apa.az կայքը:

«Նույն թվով աշխատակիցներ ազատվել են նաև Գործերի կառավարման վարչությունից»,-տեղեկացրել է Գաիբովը:

Նա ընդգծել է նաև, որ որոշ հաստիքներ լուծարվել են, իսկ որոշ աշխատակիցների զբաղեցրած պաշտոնները` փոխվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկջոկատայինները մայիսի 5-ին երկրի Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության շենքում հատուկ գործողություն էին իրականացրել, որի շրջանակում ձերբակալվել էր շրջանի ղեկավար Վիլյամ Հաջըևը: Շրջանի գործադիր իշխանության ղեկավարից բացի ավելի ուշ ձերբակալվել էին նաև նրա բոլոր տեղակալները, սոցիալ-տնտեսական զարգացման վերլուծության և կանխատեսման վարչության պետը, ղեկավարի օգնականը, իրավաբանական բաժանմունքի պետը, ֆինանսական բաժնի պետը և մի շարք այլ վարչությունների ղեկավարներ:

Երկրի ևս 6 շրջանների գործադիր իշխանությունների պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: