Նազելի Բաղդասարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
ԱԺ «Իմ քայլը» խմբկցության պատգամավոր Նազալի Բաղդասարյանի թեստի պատասխանները բացասական են, նրա մոտ չի հայտնաբերվել կորոնավիրուս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը գրառում է կատարել:
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը։
Որևէ մեկն ապահովագրված չէ, և նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք և հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։
Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները և շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։ Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։
Մաղթում եմ առողջություն և արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաև ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։
Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է»:










