Պետք է օգտագործել ընտանեկան նպաստի համակարգը և այդկերպ օգնել կարիքավորներին, ոչ թե կոմունալ համերաշխության կոչեր հնչեցնել. Գագիկ Եգանյան (տեսանյութ)
Շատ կարևոր է, թե սոցիալական ծրագրերի բաշխման հարցում ինչ գործիքներ ու բանաձևեր են կիրառվում, որ դրանց հատկացումը լինի թիրախային. արդեն 22 տարի է՝ գործում է ընտանեկան նպաստի համակարգը, բայց այսօր այն թերարժևորված է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ սոցիալական ապահովության նախկին նախարար, միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը:
«Եթե ուզում ենք գնահատել մեկի կարիքավորությունը, պետք չէ ասել՝ գազի, հացի կամ հոսանքի գծով կարիքավոր, բալային համակարգը խոսում է նրա կարիքավորության մասին՝ համեմատած այլ ընտանիքների հետ: Ընտանեկան նպաստի համակարգի կիրառմամբ կբացառվեր, օրինակ, պատգամավորների ներառումը սոցիալական ծրագրերում»,- ասել է նախկին նախարարը:
Ըստ Եգանյանի՝ ավելի ճիշտ կլիներ օգտագործել ընտանեկան նպաստի համակարգը, ոչ թե կոմունալ համերաշխության կոչ անել. «Վարչապետն ասում է, թե գյուղացիներն իրենց անասուններին վաճառում են՝ նպաստ ստանալու համար: Եթե դա այդպես լիներ, մենք անասնագլխաքանակի կտրուկ անկում կունենայինք: Ընտանեկան նպաստի համակարգն ունիվերսալ գործիք է, այն պետք է օգտագործել»:
Նախկին նախարարի կարծիքով՝ սոցիալական ճգնաժամը հանգուցալուծելու ճշգրիտ բանաձևեր չկան, բայց մի բան միանշանակ է՝ պետությունը չպետք է ընտանիքներին հրահանգավորի՝ ինչպես ծախսել սոցիալական օգնությունը՝ հացի, հոսանքի, թե մի այլ բանի վրա. «Ակնհայտ ոչ կարիքավորները չպետք է օգտվեն սոցիալական օգնությունից: Այսօր անհրաժեշտ է բոլոր ռեսուրսներն օգտագործել՝ գործազուրկներին աշխատանքի տեղավորելու ուղղությամբ: Պետությունը պետք է զարգացնի կապիտալ շինարարությունը, հատկապես որ մեր արտագնա աշխատողների մեծ մասը Ռուսաստանում այդ գործով է զբաղված»:
Գագիկ Եգանյանի պնդմամբ՝ աշխատուժն ինքնաբերաբար չի կարող ներգրավվել հայտարարված ծրագրերի մեջ, և պետությունը պետք է բանակցի շինարարական ընկերությունների հետ, կազմակերպչական քայլեր կատարի. «Տարեկան 80 հազար սեզոնային աշխատող ունենք միայն ՌԴ-ում: Հիմնական վերադարձողները եղել են այդ խմբից: Ռուսաստանում երկար տարիներ ապրող մեր հայրենակիցների վերադարձը քիչ հավանական է: Ռուսաստանում ապրում է մինչև կես միլիոն ՀՀ քաղաքացի, որոնք նաև ՌԴ անձնագիր ունեն»:
Նախկին նախարարի պնդմամբ՝ ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցները վատի և վատթարի միջև ընտրություն կատարելու առջև են և նախընտրել են գոնե հայրենիք վերադառնալ: «Այս սահմանափակումներն առաջինն ուղղակիորեն ազդեցին միգրացիայի վրա, չկա տեղաշարժ: Երբ սահմանները բացվեն, միգրացիոն նոր իրավիճակ կձևավորվի»,- ասել է Եգանյանը՝ հավելելով. «Ավանդական ուղղությունները, որոնցով Հայաստանից մեկնում էին, կարող են չաշխատել: Տնտեսակարգերը կփոփոխվեն, կփոխվի նաև աշխարհի միգրացիոն քարտեզը»:
Դավիթ Սարգսյան










