Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 615-ի. կա 9 զոհ
Վրաստանում համավարակի սկզբից առայսօր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 615 դեպք, որից 275-ն արդեն ապաքինվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի տվյալների հրապարակմամբ զբաղվող պաշտոնական կայքին։
«Վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 615, մահվան դեպքերը՝ 9, ապաքինվել է 275 մարդ։ Կարանտինային ռեժիմում է գտնվում 5002, իսկ վերահսկողության տակ՝ 485 մարդ։ Արտասահմանից Վրաստան մուտք գործած քաղաքացիների թիվը 3 է»,- նշվում է կայքի հայտարարությունում։
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի մինչև մայիսի 22-ը: Ժամը 21.00-ից մինչ 6.00-ը երկրում սահմանված է պարետային ժամ։
Վարակակիրների շրջանում կան բժիշկներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ, հղի կանայք և երեխաներ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 3 834 038 միլիոն մարդ, որից 265 238-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան։










