Պաղեստինը սպառնացել է խզել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ ունեցած բոլոր համաձայնությունները. РИА Новости
Պաղեստինի վարչախումբը մերժում է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել ճանաչել Իսրայելի կողմից Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքների բռնակցումը, և խոստանում այդ պարագայում դուրս գալ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ձեռք բերած բոլոր համաձայնություններից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի հայտարարությունն այն մասին, թե բռնակցման մասին որոշումն Իսրայելինն է, սուտ է, քանի որ այն հիմնված է դարի գործարքի և ամերիկյան քարտեզների վրա»,- հայտնել է Պաղեստինի նախագահի ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռոդեյնան:
«Իսրայելը և ԱՄՆ-ն բռնակցման իրավունք չունեն, որը նաև ոչ լեգիտիմ է և հակասում է միջազգային իրավունքին: Նախագահ Մահմուդ Աբասն ընդգծել է, որ Իսրայելի և Ամերիկայի հետ բոլոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները կչեղարկվեն, եթե Իսրայելը հայտարարի բռնակցման մասին»,- հավելել է պաղեստինյան նախագահի ներկայացուցիչը:










