Հաֆթարի բանակը հայտարարել է, որ Տրիպոլին շուտով կվերադառնա «հայրենիքի գիրկը»

10:31 • 07.05.20

Ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի կողմից ղեկավարվող Լիբիական ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին հայտարարել է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հսկողության տակ գտնվող մայրաքաղաք Տրիպոլին շուտով կվերադառնա «հայրենիքի գիրկը»: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Տրիպոլին շուտով կվերադառնա հայրենիքի գիրկը»,-հայտարարել է ալ Միսմարին:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Լիբիական ազգային բանակը հետ է մղել Տրիպոլիից հարավ-արևմուտք ընկած « Ալ Վաթիյա» ռազմաբազայի վրա կատարված բոլոր հարձակումները, ինչի հետևանքով բանակից 8 զինծառայող մահացել է:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկայում երկրում երկու իշխանություն է գործում: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում Հաֆթարի բանակի հետ: