Կառավարության 2019 թ. կատարողականն ենք քննարկում, բայց ճանապարհների նորոգումից կես տարի չանցած՝ արդեն դրանց որակի հետ կապված խնդիրներ կան. պատգամավորը՝ Սուրեն Պապիկյանին
Այսօր ԱԺ-ում Կառավարության 2019 թ. կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, դիմելով Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, նշեց, թե թեև քննարկում են 2019 թ. կատարողականը, բայց կես տարի չանցած՝ արդեն նորոգված ճանապարհների հետ կապված խնդիրներ կան, օրինակ՝ M4 միջպետական ճանապարհը որակի խնդիրներ ունի: «Բաղանիս-Նոյեմբերյան, Կողբ հատվածում ճանապարհը քանդված է, ճաքեր կան»,-մասնավորեցրեց պատգամավոը:
Պապիկյանը պատասխանեց, թե անձամբ է եղել նշված վայրում: «Իհարկե՝ լավ չէ, որ կատարված աշխատանքն ունենում է թերություններ, բայց մենք ունենք սկզբունք՝ եթե որևէ ճանապարհաշինարարական ընկերություն իր աշխատանքի արդյունքում ունենում է թերացումներ, և դրանք տեսանելի են, տեղի է ունենում նոր ասֆալտաշերտի տեղադրում»,-ասաց նախարարը:
Պատգամավորի մյուս դիտարկմանը, թե վարչապետն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացավ, որ Բերդավան-Մովսես գյուղերում ճանապարհները կվերանորոգվեն, բայց մինչև այսօր խոստումը չի կատարվել, Սուրեն Պապիկյանը չհամաձայնեց, թե ոչ մի քայլ չի կատարվում. «Այս փուլում իրականացվում են դեպի Մովսես տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Մեր քաղաքական ղեկավարի կողմից տրված բոլոր խոստումներն իրականացվելու են ժամկետներում»,-ասաց նա:










