11 231 նոր դեպք․ Ռուսաստանը կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր ցուցանիշով առաջ է անցել Գերմանիայից և Ֆրանսիայից

12:45 • 07.05.20

Ռուսաստանի 84 շրջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 231 նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Ընդհանուր վարակման դեպքերի ցուցանիշով Ռուսաստանն առաջ է անցել Գերմանիայից և Ֆրանսիայից:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախօրեին երկրում հիվանդությունից մահացել է 88 մարդ, ապաքինվել՝ 2476 հոգի։

Համավարակի սկզբից վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 177 160-ի, որից 1625–ը՝ մահվան ելքով։ Այստեղ ընդհանուր ապաքինվել է 23 803 մարդ, անցկացվել է վիրուսի առկայությունը ստուգող ավելի քան 4,8 միլիոն թեստ։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 6703, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 842, Նիժնի Նովգորոդի մարզում՝ 312, Սանկտ Պետերբուրգում՝ 306, Դաղստանում և Թաթարստանում՝ 105-ական և այլն։ Աղբյուրը մանրամասնում է, որ վարակակիրների 48,7%-ի մոտ հիվանդության կլինիկական ախտանշաններ չկան։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3 834 038 մարդ է վարակվել, որից 265 238-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան։