Հայտնի է, թե կորոնավիրուսի որ ախտանշանի դեպքում է անհրաժեշտ շտապօգնություն զանգահարել

17:39 • 07.05.20

Ռուսաստանի Մ.Ե. Ժադկևիչի անվան քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը հայտնել է, որ կորոնավիրուսի գլխավոր ախտանշանը, որի դեպքում անհրաժեշտ է շտապօգնություն կանչել, շնչահեղձությունն է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Մասնագետի խոսքով՝ շնչահեղձության ախտանշանը հիմնականում վարակումից հետո ամենաշուտը չորրորդ և սովորաբար յոթերորդ-ութերորդ օրերին է ի հայտ գալիս։ Միևնույն ժամանակ, երբ դրա հետ մեկտեղ նաև բարձր ջերմություն է լինում, և այն երկրորդ օրն էլ է շարունակվում, ապա անհապաղ պետք է զանգել բժշկի։

«Եթե պարզապես մարմինն է ցավում, կորցրել եք համի ու հոտի զգացողությունը, մկանային ցավ ունեք, հազում եք, սակայն շնչահեղձություն չունեք, ապա դա չի նշանակում, որ պետք է շտապօգնություն զանգահարեք»,- նկատել է բժիշկը։

Մյասնիկովը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է հետազոտվել, եթե մարմնի ջերմությունը 38 աստիճանից երկար ժամանակ չի իջնում։ Բժիշկը հավելել է, որ ներկայում բոլոր վիրուսային հիվանդությունները պետք է որպես կորոնավիրուս դիտարկել։
«Ավելի լավ է չափից շատ զգուշանալ, քան ընդհանրապես չզգուշանալ»,- նկատել է բժիշկը։