Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են С-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման ժամկետները

17:13 • 07.05.20

 

Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են վարում С-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման կազմի և ժամկետների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանի ռազմատեխնիկական հարցերով համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևին:

Ռուսաստանը 2019 թվականին կատարել է Թուրքիային 2,5 միլիարդ դոլար արժողությամբ С-400-ների 4 դիվիզիոն մատակարարելու պայմանագիրը: Պայմանագիրը ենթադրում է ևս մեկ կազմի մատակարարում:

«Թուրքիայի համար С-400-ների մատակարարման հարցը գտնվում է օրակարգում, այն ոչ մի տեղ չի անհետացել: Մենք համաձայնեցնում ենք համակարգի կազմը, մատակարարման ժամկետներն ու այլ պայմաններ: Այսօր ընթանում է բանակցային գործընթացը, և մենք հուսով ենք, որ տեսանելի ապագայում կգանք ընդհանուր հայտարարի»,-հայտարարել է Շուգաևը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ առաջին պայմանագիրը ենթադրում էր միայն մատակարարում` առանց արտադրության տեղայնացման:

«Իսկ այժմ արտադրական գործընթացին ենթադրվում է թուրքական կողմի որոշակի մասնակցությունը: Ես դա այդպես կանվանեի»,-ավելացրել է Շուգաևը:

С-400 համակարգերի մատակարարման պայմանագիրը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Մոսկվայում՝ 2017 թվականի ապրիլին: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:

C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է անցյալ տարվա ամռանը: