«Նրանք սարսափելի բան են արել, բայց ես չեմ հավատում, որ Չինաստանը միտումնավոր է տարածել կորոնավիրուսը»․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, որ Չինաստանը կարող էր դիտավորյալ տարածել կորոնավիրուսը, գրում է ria.ru-ն։
«Նրանք սարսափելի բան են արել, բայց ես չեմ հավատում, որ միտումնավոր են արել»,-Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ վիրուսը կարող էր «տարածվել Չինաստանի սահմաններից դուրս» ոչ կոմպետենտության պատճառով:
ԱՄՆ-ի իշխանությունները նախագահ Թրամփի գլխավորությամբ Չինաստանին պարբերաբար մեղադրում են կորոնավիրուսի տարածումը զսպելու, փաստերը թաքցնելու, ժամանակին չարձագանքելու անկարողության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ «ահռելի ապացույցներ» կան առ այն, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է չինական լաբորատորիայում։
«Ահռելի ապացույցներ կան առ այն, որ կորոնավիրուսը սկսվել է հենց այնտեղ։ Ես կարող եմ ասել ձեզ, որ կան զգալի քանակությամբ ապացույցներ, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում: Լավագույն փորձագետները կարծում են, որ վիրուսը մարդածին է։ Այս պահին դրան չհավատալու պատճառ չունեմ»,- հայտնել է նա։










