Մարուքյանի և բոլոր քաղաքացիների անվտանգության պատասխանատվությունը կրում է ՀՀ իշխանությունը, հակառակ դեպքում` յուրաքանչյուրս ինքնադատաստանի իրավունք ենք ստանում. Ս․ Պարսյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին
Տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Վերջին անգամ ԱԺ ընդդիմադիր պատգամավորի ամբիոնի մոտ ծեծել էին հհշականները: Ամբողջ աշխարհն առաջ է գնում, կռվում ճգնաժամի դեմ, իսկ մենք... ցավում եմ:
Պարոն Մարուքյանի և բոլոր քաղաքացիների անվտանգության համար պատասխանատվություն են կրում ՀՀ իշխանությունները, հակառակ դեպքում` յուրաքանչյուրս ինքնադատաստան անելու օրինական իրավունք ենք ստանում»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե ՝ «ինչը կցխես»:
Էդմոն Մարուքյանը իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքոայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:
Այդ պահին ԱԺ դահլիճում էր նաև վարչապետ Փաշինյանը, Կառավարությունն այս օրերին ԱԺ֊ին է ներկայացնում տարեկան զեկույցը։










