Քանաքեռի տներից մեկից գողություն կատարելու համար 23-ամյա քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ)

22:48 • 08.05.20

Հունվարի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Քանաքեռի 5/Ա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել փող և արծաթյա զարդեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանույթունից:

Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբ մեկնեց դեպքի վայր: Իրավապահներն արձանագրեցին՝ որտեղից ինչ են գողացել: Տանտերերը մի քանի ժամ էին ընդամենը բացակայել տնից:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Առաջ քաշվեցին և ստուգվեցին տարբեր վարկածներ. ձեռք բերված տեղեկությունների և փաստերի համադրությունը հուշում էր, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Լեփսիուսի փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Մայիսի 7-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: