Թրամփը մեկնաբանել է Բայդենի հասցեին արված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները

20:07 • 08.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ առաջիկա ընտրություններում իր գլխավոր մրցակից Ջո Բայդենի հասցեին արված ոտնձգությունների մեղադրանքները սուտ են, գրում է Politico-ն։

«Սա պայքար է, որտեղ նա ստիպված կլինի պայքարել։ Ինձ ուղղված շատ կեղծ մեղադրանքներ են եղել, գուցե սա էլ կեղծ մեղադրանք է։ Անկեղծ ասած, ես հույս ունեմ, որ հենց այդպես է»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ջո Բայդենի նախկին օգնականը՝ Թարա Ռիդեն, վերջինիս մեղադրել է սեռական ոտնձգության համար։

Թարա Ռիդեն AP-ին տված վերջին երկու հարցազրույցներում պնդել է, որ հարձակումները տեղի են ունեցել 1993 թվականի գարնանը՝ Կապիտոլիումի բլրի նկուղային հարկում։

Բայդենի քարոզարշավի ղեկավարի տեղակալ և հաղորդակցության գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ նախկին փոխնախագահն «իր հասարակական կյանքը նվիրել է կանանց նկատմամբ բռնության մասին օրենքների փոփոխությանը»: