Գուտերեշը կոչ է արել պայքարել կորոնավիրուսային համավարակի ֆոնին ստեղծված ատելության դեմ

10:05 • 08.05.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել պայքարել կորոնավիրուսային համավարակի ֆոնին ստեղծված ատելության դեմ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գուտերեշի խոսքով՝ համավարակը շարունակում է «ատելութան և այլատյացության մեծ ալիք բարձրացնել»։ Ըստ պաշտոնյայի՝ վարակի տարածման ֆոնին փողոցներում ու համացանցում ուժեղացել է օտարերկրացիների դեմ բացասական տրամադրվածությունը։

«Հակասեմական դավադրություններ են լինում, հարձակումներ են տեղի ունենում մուսուլմանների վրա: Գաղթականներին ու փախստականներին մեղադրել են վիրուսի տարածման աղբյուր լինելու համար, այնուհետև զրկել բժշկական օգնության հասանելիությունից»,- նկատել է Գուտերեշը՝ հավելելով, որ այժմ բոլորը պետք է գործեն, որպեսզի ատելության վիրուսի դեմ հասարակության դիմադրողականությունն ամրապնդեն:

«Ուստի՝ այսօր կոչ եմ անում ամեն հնարավոր բան անել ամբողջ աշխարհում ատելության խոսքին վերջ տալու համար»,- հավելել է նա և պետական ղեկավարներին կոչ անելով համերաշխության մթնոլորտ ապահովել հասարակության բոլոր անդամների համար և ամրապնդել սոցիալական համախմբվածությունը:

Բացի այդ, գլխավոր քարտուղարը կրթական կենտրոններին հորդորել է կենտրոնանալ աշակերտների թվային գրագիտության վրա, իսկ լրատվամիջոցներին՝ ջնջել բոլոր ռասիստական, կնատեցական և նմանատիպ այլ կոնտենտները։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,9 միլիոն մարդ, որից 270 740-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան։