Կանխվել է երեկ Հաղթանակ կամրջի հակառակ կողմն անցած 2 քաղաքացիների ինքնասպանության փորձը

11:33 • 08.05.20

Մայիսի 7-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպանություն գործել և նետվել Երևանի Հաղթանակ կամրջից։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ՀՀ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ․-ի (ծնված 1980 թ․) և  Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989 թ․) ինքնասպանության փորձը։ Սամվել Մ․-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ Վաղարշակ Ա․-ն դեպքի վայրից հեռացել է:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց առ այն, որ 2 քաղաքացի՝ 30-35 տարեկան տղամարդիկ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդիկ պահանջում էին, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրանք ասում էին, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի: