Փամբակ գետը վարարել է․ առաջացել է երկաթգծի վազորդների վնասման վտանգ

11:54 • 08.05.20

Մայիսի 7-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ ին հարակից երկաթգծի 2667 կմ-ի П6-7 կետի տարածքում Փամբակ գետը դուրս է եկել հունից. առկա է վազորդների վնասման վտանգ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Փամբակ գետի վարարման հետևանքով առաջացել է երկաթգծի վազորդների վնասման վտանգ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

«Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տրակտորի միջոցով փլուզումը կանխելու նպատակով աշխատանքներ են իրականացվել գետի հունը փոխելու համար։