Բրիտանացին միաժամանակ կարողացել է հաղթահարել կորոնավիրուսը, սեպսիսը, սրտի կանգն ու երկու կաթված. Daily Mail

05:30 • 08.05.20

Կորոնավիրուսով վարակված 31-ամյա բրիտանացի Օմար Թեյլորը դուրս է գրվել հիվանդանոցից՝ միաժամանակ հաղթահարելով մի քանի լուրջ հիվանդություն: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը հայտնում է, որ տղամարդուն խորհուրդ են տվել պատրաստվել ամենավատին. նրան արհեստական կոմայի մեջ են գցել, որից հետո նա մեկ ամիս գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Գիտակցության գալուց հետո Թեյլորը չի կարողացել խոսել, ինչպես նաև կորցրել է աջ ձեռքի զգայունությունը: Պարզվել է, որ նա երկու կաթված է տարել: Մինչ այդ էլ արյան վարակ է ստացել և ունեցել է սրտի կանգ: Բժիշկները կարծում էին, թե տղամարդն այլևս երբեք չի կարողանա քայլել, և նրա ապաքինումն իսկական հրաշք են անվանում:

«Նայում էի մեր 2 և 4 տարեկան երեխաներին և մտածում՝ ինչպե՞ս եմ նրանց ասելու, որ իրենց հայրը մահանում է»,- պատմել է Թեյլորի կինը:

Այնուամենայնիվ, Օմարն առողջացել է: Հիվանդանոցից դուրս գրվելիս բժիշկները նրան ճանապարհել են բուռն ծափահարությունների ներքո: