«Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ «շմայսություն» անես». ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանի ելույթը չավարտվեց. ԱԺ նիստը ընդհատվեց (տեսանյութ)

11:07 • 08.05.20

Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին, ասաց. «Ասում ենք, որ մեզ զանգում են այս-այս հարցերով, գալիս եք, մեծախոս ձևով, ամբարտավանությամբ, ամբիոնից ասում եք՝ սուտ է խոսում, ոչ մեկին չեն զանգում, էս էլ իմ համարն է: Դրանից հետո 120 զանգ ես ստանում, ասում ես՝ «Լուսավոր Հայաստա՞նն» է համարս տվել»,-ասաց նա, ապա շարունակեց.

«Պարոն Թունյան, որ ամբիոնից «սրիկա» ու նման բաներ եք ասում, դա լարվածություն է առաջացնում, որովհետև մեկը կարող է մտածել՝ իրեն եք անդրադառնում»,-ասաց նա:

Խոսքին դահլիճից արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որին ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար»: Դրան հաջորդեց պատգամավորիների միջև քաշքշուկը, որից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վրդովված պատգամավորիներին կոչ արեց դահլիճից դուրս գալ, իսկ Մարուքյանին ելույթի հնարավորություն տրվեց:

«Ինձ ինչքան էլ խփեք, ես խոսելու եմ, էն ով եկավ, թաքուն մեջքից խփեց»,-ասաց նա:

Դահլիճից ինչ-որ մեկին արձագանքելով՝ Մարուքյանը նաև նշեց. «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ «շմայսություն» անես: Հեղափոխություն է եղել նաև էդ մշակույթում: Հեղափոխություն է եղել նաև էդ մշակույթի համար: Գալիս, մեջքից խփո՞ւմ եք»,-ասաց նա:

Մարուքյանի  ելույթը չավարտված՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյաննն ասաց, թե նիստն ընդհատվում է: