1 օրում՝ 10 699 նոր դեպք․ Ռուսաստանը դարձել է Եվրոպայում կորոնավիրուսի համավարակի բռնկման նոր թեժ օջախը. The Guardian

12:17 • 08.05.20

Ռուսաստանը դարձել է Եվրոպայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի բռնկման նոր թեժ օջախը, որն աշխարհում վարակակիրների թվով հայտնվել է հինգերորդ տեղում՝ առաջ անցնելով Ֆրանսիայից և Գերմանիայից:

Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակին է անդրադարձել The Guardian պարբերականը։ Վերջին տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 83 շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 699 նոր դեպք, որից 98-ը՝ մահվան ելքով։ Նոր վարակակիրներից 5232-ի (48,9%) մոտ հիվանդությունը կլինիկական ախտանշաններով չի արտահայտվում։

Համավարակի սկզբից վարակակիրների ընդհանուր թիվը երկրի 85 շրջանում հասել է 187 859-ի, որից 1723–ը՝ մահվան ելքով։ Կայքի փոխանցմամբ՝ այստեղ ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում, որի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ հայտնաբերված դեպքերի մեծ թիվը պայմանավորված է թեստավորման հսկայական ծավալներով:

«Լավ է, որ այդչափ մեծ թվով վարակակիրներ ենք հայտնաբերել, քանի որ այդպես հնարավոր կլինի նրանց կարանտին գոտի տեղափոխել և այդպիսով երկրում վարակի տարածման տեմպը դանդաղեցնել»,- նշել է նա։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,9 միլիոն մարդ, որից 270 740-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան: