Գերմանացի լրագրողուհին Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրել է սեռական ոտնձգության համար
Գերմանացի լրագրողուհին Փարիզի դատախազությունում բողոք է ներկայացրել Ֆրանսիայի նախկին նախագահ 94-ամյա Վալերի Ժիսկար դ'Էստենի դեմ ՝ մեղադրելով նրան սեռական ոտնձգության համար, գրում է rfi.fr կայքը։
Աննա Կատրին Շտրակ անունով լրագրողի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին՝ գերմանական WDR հեռուստաալիքին նախագահի տված հարցազրույցից հետո։
Նշվում է, որ Գերմանիա վերադառնալուն պես լրագրողը դիմել է հեռուստաալիքի ղեկավարությանը՝ պատմելով դեպքի մանրամասները։ Հաշվի առնելով մեղադրանքի ծանրակշիռ լինելը՝ տնօրինությունը որոշում է կայացրել լրագրողի և օպերատորի ցուցմունքները ձայնագրելու համար փաստաբանների գրասենյակ դիմել, սակայն հետագայում անձնակազմի երրորդ անդամը`ձայնային օպերատորը, առանց որևէ հստակ պատճառաբանության հրաժարվել է ցուցմունք տալ։
2019 թվականի մայիսի 23-ին փաստաբանների կողմից ձայնագրված ցուցմունքները ուղարկվել են նախագահին, որին ի պատասխան՝ նրա գրասենյակը միայն հաստատել է, որ նման փաստաթուղթ ստացել է։
Ֆրանսիական Le Monde ամսագիրը, անդրադառնալով լրագրողուհու՝ դեռևս մարտի 10-ին ներկայացված բողոքին, մայիսի 7-ին հոդված է հրապարակել, որում բացահայտել է գործի մանրամասները։










