Զինված ավազակային հարձակում է եղել Աչաջուր համայնքում, ծեծկռտուքին մասնակցել են Քոքոբելյանի որդին և հարազատները

13:11 • 09.05.20

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում մասնավոր տարածքի վրա ավազակային հարձակում է եղել, «Ազատ դեմոկրատներ» կուսացության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը և եղբորորդին դեպքի վայր են հասել ահազանգի հետքերով։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին լուրը հաստատեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

«Զինված ավազակային հարձակում է եղել մասնավոր տարածքի և անվտանգության աշխատակիցների վրա։ Քոքոբելյաններն ահազանգ են ստացել, բնակարանը մոտ է եղել, գնացել են ահազանգի հետքերով։ Եղել են Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը, եղբորորդին։ Ծեծկռտուք է եղել, նրանք մարմնական վնասվածքներ են ստացել»,-ասաց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, թե վնասվածքները ծա՞նր են, թե՝ ոչ, հիմա գործի քննությամբ իրավապահներն են զբաղվում, նրանք կհաղորդեն։

«Փորձում են նաև գտնել ավազակային հարձակում գործածներին։ Նրանք փախուստի են դիմել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 8-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։