«Մենք այլ ելք չունեինք»․ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի կարողացել հրաժարվել տոնական զինահանդեսից

16:31 • 09.05.20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկիրը չի կարողացել հրաժարվել Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 75-րդ ամյակի կապակցությամբ կազմակերպված զինահանդեսի անցկացումից, քանի որ պարազապես «այլ ելք չի ունեցել», հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Այս խելքը կորցրած ու ապակողմնորոշված աշխարհում կհայտնվեն մարդիկ, որ քննադատություններ կհնչեցնեն մեզ այս սուրբ գործի իրականացման տեղի ու ժամանակի վերաբերյալ։ Ցանկանում եմ մարդկային կերպով ասել՝ մի՛ շտապեք հետևություններ անել, նույնիսկ քննադատել մեզ՝ հաղթանակի հետնորդներիս, բելառուսներիս։ Մենք պարզապես այլ կերպ չէինք կարող, այլ տարբերակ չունեինք։ Իսկ եթե հնարավորություն էլ ունենայինք, միևնույն է նույն կերպ կվարվեինք»»,-նշել է Լուկաշենկոն։

«Մեզ են ուղղված ազատության համար զոհված խորհրդային զինվորների աչքերը, գեստապոյի զնդաններում խոշտանգված պարտիզանների և ընդհատակյա գործիչների հայացքները, Խատինի ծերերի, կանանց և երեխաների աչքերը։ Նրանք շատ էին ցանկանում ապրել, սակայն մահացան, որ մենք ապրենք։ Ժամանակակից Բելառուսն այդ սարսափելի պատերազմի, զոհվածների, խոշտանգվածների և կիզվածների հուշարձանն է»,- հավելել է նախագահը։