Չինաստանում տեսագրել են, թե ինչպես է ցնցվում ծովային կամուրջը, որով մեքենաներ են երթևեկում (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է ցնցվում Չինաստանի Գուանդուն նահանգում գտնվող Հումեն ծովային կամուրջը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, կամրջի տատանումները նկատել են մայիսի 5-ին: Իշխանությունները հետաքննություն են սկսել, որի մասնակիցներից մեկը կարծիք է հայտնել, որ դա պայմանավորված է եղել կամրջի վրա 1.2 մետր բարձրությամբ վթարային պլաստիկ պատնեշների առկայությամբ:
Դրանք վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղադրել են շինարարները: Փորձագետները կարծում են, որ պատնեշները փոխել են կամրջի աերոդինամիկան, ինչը հանգեցրել է ցնցումների, որոնք ի հայտ են գալիս, երբ քամին հասնում է որոշակի արագության:
Նույն օրը պատնեշները վերցրել են, սակայն կամուրջը շարունակել է ցնցվել: Ընկերության ղեկավարը նշել է, որ կառույցն իներցիայի պատճառով է ցնցվում, և տատանումները շուտով կանցնեն: Նշվում է, որ արտակարգ իրավիճակի պատճառով կամուրջը ժամանակավորապես փակվել է մեքենաների երթևեկության համար:










