Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3739-ի

11:25 • 10.05.20

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 50 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3739-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:

Նախարարը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 35 605 թեստավորում, գրանցվել է վարակման 1546 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 137 115-ի, վարակվածներից  89 480-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 101 983 է, մահացել է 280 454 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: