Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 200 000-ից

14:09 • 10.05.20

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 012 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է  Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի թելեգրամյան ալիքը:

Այսպիսով` համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը անցել է 200 000-ից և կազմում է 209 688:

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ չնայած գրանցված դեպքերից ավելի քան 109 000-ը գրանցվել է մայրաքաղաքում, առողջացածների թիվը օրեցօր ակտիվորեն աճում է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 114 978 է, մահացել է 280 564 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: