«Խուսափե՛ք հանրային տրանսպորտից». Բորիս Ջոնսոնն այսօր միլիոնավոր բրիտանացիների աշխատանքի է ուղարկել, բայց հորդորել է հեծանվով գնալ․ Daily Mail
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի համավարակի ֆոնին երկար ամիսներ ձգված կարանտինից հետո աշխատանքի վերադարձողներին հորդորել է խուսափել հանրային տրանսպորտից և փոխարենը քայլել կամ հեծանվով երթևեկել, գրում է Daily Mail-ը։
Վարչապետը երեկ երեկոյան բրիտանացիներին թույլ է տվել այսօրվանից աշխատանքի վերադառնալ, սակայն քաղաքացիներին կոչ է արել չկորցնել զգոնությունը, սոցիալական հեռավորություն պահել, չօգտվել գնացքներից, ավտոբուսներից և հասարակական այլ տրանպորտից։
Դաունինգ սթրիթում դիմելով բրիտանացիներին՝ Ջոնսոնն ասել է․ «Ցանկանում ենք, որ ապահով հասնեք ձեր աշխատավայրեր։ Այդ պատճառով պետք է խուսափեք հասարակական տրանսպորտից, պահպանեք սոցիալական հեռավորություն»։
«Վարչապետն ասաց, որ ցանկանում է՝ աշխատողները խուսափեն հասարակական տրանսպորտից և օգտագործեն իրենց մեքենաները, հեծանիվները կամ ոտքով գնան աշխատանքի, բայց չբացատրեց՝ ինչպես: Իսկ եթե այդ տարբերակներից ոչ մեկն արդյունավետ չէ՞»,- ասել է քաղաքական գործիչ Էդ Միլիբենդը՝ ընդգծելով, որ շատ աշխատողների համար հասարակական տրանսպորտը միակ փոխադրամիջոցն է։












