Գուցե պետք է գնալ քաղաքական ուժերի, մեդիայի և ՀԿ սեկտորի հետ ջենտլմենական պայմանավորվածության. Ն. Զոհրաբյանը՝ ատելության խոսքի դեմ պայքարի մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այսօր Ազգային ժողովում դիմելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում դժգոհությունների ու հացադուլների մոտիվացիան հիմնականում, հատկապես հիմա, ձգձգվող դատական նիստներն են:
«Դատավորները, երբ հավես ունենում են, այն ժամանակ են նիստ անում, արդյունքում ունեցանք Կարեն Ծաղիկյանի մահվան դեպքը, բայց եթե դատավորը չալարեր ու դատական նիստը շուտ աներ, ապա հնարավոր կլիներ փրկել մարդու կյանքը»,- ասաց նա:
Պատգամավորը պաշտպանի ուշադրությունը հրավիրեց կանանց նկատմամբ թիրախավորված թշնամանքի վրա: «Այս դահլիճում՝ թե´ այս շարքում, թե´ մյուս, չկա որևէ կին, ով իր հրապարակայնորեն հայտնած մտքի համար չի դարձել ատելության թիրախ՝ ամենագռեհիկ ու սարսափելի ձևով, վիրավորել են նաև մեր ընտանիքներին, երեխաներին»,-ասաց նա և նկատեց, որ ատելության թիրախ էր դարձել նաև Հայ Առաքելական Եկեղեցին։
ՄԻՊ Արման Թաթոյանը նախ համաձայնեց, որ հացադուլների մեծ մասը կապված է քրեական գործերի ու մեղադրանքների հետ։ «Ուզում եմ նաև նշել, որ քաշքշուկների խնդիրը կա, դատական նիստերի հետաձգման հետ կապված խնդիր կա, ինչը դատավորների ծանրաբեռբնվածությամբ է պայմանավորված։ Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներում բուժածառյությանը, ապա հատուկ ուզում եմ նշել, որ քրեակատարողական բժշկության կենտրոն ստեղծելը դրական էր, սակայն այն փաստացի չունի անկախություն, քանի որ դատապարտված անձինք էլ ունեն ցածր վստահություն կառույցի նկատմամբ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է եկեղեցին թիրախավորելուն, նա ասաց, որ բոլորս այս լարվածութունը պետք է թույլ չտանք: Նա նկատեց, որ մասնավոր կյանք ներխուժելու վտանգի տակ բոլորն են ու կարևորեց ԱԺ համապատասխան հանձնաժողվի հետ աշխատանքային խումբ ստեղծելու ու քննարկումներ ծավալելու անհրաժեշտությունը։
Նաիրա Զոհրաբյանը, թեև կարևորեց նաև Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելը, սակայն համարում է, որ ատելության խոսքի դեմն առնել հնարավոր չէ օրենսդրական մակարդակում։ «Կարծես՝ սա զսպող մեխանիզմ չէ, որպեսզի ահագնացող թշնամանք չլինի։ Ինչի՞ եմ հատուկ առանձացնում կանաց, քանի որ խորհդարանում ու դրանից դուրս կանայք, ովքեր քաղաքական ու հասարակական գործունեությամբ են զբաղվում, ատելության խոսքի թիրախ են դառնում»,- ասաց նա և առաջարկեց ապագայում այս թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրել:
«Գուցե, ինչպես Շվեյցարիայում, մենք գնանք քաղաքական ուժերի, մեդիայի և հասարակական սեկտորի հետ ջենտլմենական, բարոյական պայմանավորվածության, քանի որ, կարծում եմ՝ մենք, ներսում ունենալով զսպող կարմիր գծերը, կկարողանանք սա հաղթահարել, այլապես ցանկացած օրենք մնալու է դարակում դրված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:










