«Կյանքն արմատապես փոխվել է բոլորիս համար». արքայազն Հարին տեսաուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

15:21 • 11.05.20

Մեծ Բրիտանիայի 35-ամյա արքայազն Հարիի հովանավորությամբ անցկացվող Invictus games-ը՝ վիրավոր զինծառայողների համար սպորտային մրցումների շարքը, պետք է մեկնարկեր անցյալ կիրակի, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է մինչև 2021 թվականը, ինչի առիթով Մեծ Բրիտանիայի արքայազնը տեսաուղերձ է հղել երկրպագուներին, գրում է Fox news-ը։

Invictus Games Foundation հիմնադրամի օգտահաշվում հրապարակված տեսաուղերձում Սասեքսի դուքսը խոսել է գլոբալ համավարակի մարտահրավերների և խաղերի չեղարկման մասին։

«Կյանքն արմատապես փոխվել է բոլորիս համար, սակայն IG2020-ի թիմն անհավատալի աշխատանք է կատարել, որպեսզի արագորեն հարմարվի իրավիճակին և զբաղվում է հաջորդ տարվա ծրագրերի մշակմամբ», - ասել է Հարին՝ նշելով, որ շուտով կհայտարարվեն հետաձգված միջոցառման ժամկետները։

«Ես հույս ունեմ, որ Invictus ընտանիքի բոլոր անդամները լավ են և աջակցում են միմյանց այս դժվարին պահին»,- շարունակել է նա։

Վերջում 35-ամյա արքայազնը շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

«Ես անչափ շնորհակալ եմ ձեզ մշտական աջակցության համար։ Առողջ մնացեք»,- ասել է Հարին։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։