Ես այստեղ խոշոր կոռուպցիա եմ տեսնում. այս ամենը ձեռնտու է օնլայն տաքսիներին և փոխարենը՝ վնաս է անհատ տաքսիստներին. Վահագն Սահակյանը՝ աջակցության ծրագրերից չօգտվելու մասին

13:21 • 11.05.20

Ես կարծում եմ՝ ովքեր իրավունք են ունեցել տաքսի վարելու, լիցենզիա են ունեցել, գրանցված են եղել կամ իրավաբանորեն հաստատված է եղել, որ իրենք աշխատող են, ու այսօր պետությունն իրենց կրած վնասները չի փոխհատուցում, ապա նշանակում է, որ պետությունը խախտում է անում:

Այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը` խոսելով անհատ տաքսիստերի այն բողոքի մասին, թե նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ դրության պայմաններում ժողովրդի վիճակը մեղմացնելու համար Կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից չեն կարողացել օգտվել:

Նրա խոսքով՝ այս ընթացքում մարդիկ հիմնականում օգտվել են հավելվածով տաքսիներից, սակայն, ըստ նրա՝ այդ ամենն անօրինական է, և հավելվածով աշխատող տաքսիստներին ընդառաջելն ու անհատ տաքսիստներին չաջակցելը ճիշտ չէ:

«Ժամանակին շատ միամիտ հայտատարություն արվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, որն ասաց, որ անհատ տաքսիստներին ազատում են հարկերից ու շարունակություն չեղավ, առանց վերջակետի հայտարարությանը հաջորդեց այն, որ անհատ տաքսիստերն իրենց լիցենզիաները հետ տվեցին, որ ավելորդ վճարումներ չիրականացնեն: Հիմա կարծես՝ ապացույց չկա, որ իրենք տաքսիստ են եղել, և շահում են հավելվածով աշխատող տաքսիստեները, չնայած, որ պետության համար ոչինչ չեն արել և վճարել »,- ասաց նա:

Սահակյանը նշեց, որ եթե, օրինակ՝ լինի այլընտրանքային փոխհատուցում, օրինակ՝ վառելիքի վճարի փոխհատուցման տեսքով, կրկին նույնն խնդիրն է առաջանալու, քանի որ ըստ նրա՝ շատ քիչ անհատ տաքսիստերի աշխատանքն է երևում, քանի որ մեծ մասն արդեն իր լիցենզիան հանձնել է:

«Կապ չունի, թե աջակցությունն ինչ տեսքով կլինի, սակայն այն տաքսիստը, որը պետության առաջ պարտավորություն է ունեցել և վճարումները կատարել է, պետք է ստանա իր փոխհատուցումը: Արդեն քանի տարի է, ինչ մեր ոլորտը, տաքսիստները մեծ վնասներ են կրում պետության սխալ որոշումների պատճառով: Այս ընթացքում հայտարարված բոլոր որոշումներն այնպես արեցին, որ օրինական դաշտ մտած մարդիկ վնաս կրեն»,- նշեց Սահակյանը:

Սահակյանը շեշտեց, որ բարձրացված բողոքին Կառավարությունը ոչ մի կերպ չի պատասխանում, և ըստ նրա՝ որոշումներ ընդունողները շարունակում են իրենց «հագով» հարմարեցնել ամեն ինչ: «Ես այստեղ խոշոր կոռուպցիա եմ տեսնում, որովհետև հստակ երևում է, որ այս ամենը ձեռնտու է օնլայն տաքսիներին և փոխարենը՝ վնաս է անհատ տաքսիստերին»: