Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ. Բաբկեն Թունյան (տեսանյութ)
Ես պարզապես ցանկանում եմ մեր հայրենակիցներից ներողություն խնդրել նրա համար, որ մենք որպես ԱԺ պատգամավորներ, կարևոր օրակարգերը թողած այն ժամանակը, որի համար դուք մեզ վճարում եք, որ մենք զբաղվենք լուրջ խնդիրներ և հարցեր լուծելով, մենք վատնում ենք այսպիսի բաների վրա: Այս մասին իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ խոսում է իր անունից:
Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ իրենից հասանելիք ամեն բան կանի, որ ճիշտ գծից չշեղվի: «Ես երկու օր մտածել եմ այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ, ինչ ասացի, ինչ հնչեց: Գուցե ես իմ բառապաշարի մեջ ավելի զուսպ լինեի, հետո բանը չհասներ նրան, որ այսօր Սասուն Միքայելյանն ստիպված լիներ այսպիսի ելույթ ունենալ: Չգիտեմ որքանով է ճիշտ, բայց ես ամեն ինչի մեջ փորձում եմ առաջինն իմ մեղքի բաժինը տեսնել և բոլորին էլ նույն կոչն եմ անում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 8-ին տեղի է ունեցել ծեծկռտուք՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Երբ Էդմոն Մարուքյանը արձագանքում էր Բաբկեն Թունյանի ելույթին, տեղից միջամտել է Սասուն Միքայելյանը, որից հետո հարվածել Էդմոն Մարուքյանին:










