Մեր հասարակությունը չափազանց դաժան է տղամարդկանց նկատմամբ՝ նրանց զրկելով էմոցիոնալ լինելուց. Սոնա Ղազարյան (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խոսեց տղամարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի մասին:
«Սիրելի քաղաքացիներ, մեր հասարակությունը չափազանց դաժան է տղամարդկանց նկատմամբ՝ նրանց զրկելով լինել էմոցիոնալ, այլ կերպ ասած՝ մարդ: Մեր հասարակությունում տղամարդիկ դատապարտված են լինել բացառապես քարսիրտ և զրկված են թուլության նշաններ ցուցաբերելուց: Զգացմունքային տղամարդը միանգամից դառնում է ծաղրի առարկա»,-ասաց նա:
Սոնա Ղազարյանը նկատեց, որ հուզականությունը, էմոցիոնալ լինելը և դրա՝ ծաղրի առարկա դառնալը շատ հաճախ բերում է ինքնասպանությունների: «Ես վստահ եմ, որ դուք գիտեք, որ բացառություն չեն հենց այդ պատճառով բանակում ինքնասպանության դեպքերը: Ես հեռու եմ այն մտքից, որ հույզեր ցույց տալը թուլության նշան է»,-ասաց նա:
Պատգամավորը խոսեց նաև կանանց իրավունքների մասին: «Մենք պետք է մի պահ կանգ առնենք, փորձել հասկանալ՝ ինչ ենք անում , մենք պետք է միասին վեր հանենք և գտնենք հոգատար հանրության բանաձևը: Մի շտապեք դատապարտել մարդկանց՝ առանց կրելու վերջիններիս կոշիկները, բարի եղեք, մարդիկ»,-ասաց նա:










