«Սա դեռևս սկիզբն էր, բողոքի շարժումը պետք է վերսկսվի». Հոնկոնգում հազարավոր քաղաքացիներ վերսկսել են հակակառավարական բողոքի ակցիաները (լուսանկարներ, տեսանյութ)

12:14 • 11.05.20

Հոնկոնգում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացման ֆոնին քաղաքի բնակիչները վերսկսել են հակակառավարական բողոքի ակցիաները, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Հոնկոնգի փողոցներում և առևտրի կենտրոններում կիրակի հավաքված և քաղաքի ղեկավարին հրաժարական ներկայացնելու կոչ անող հազարավոր քաղաքացիներին հետևել և հսկել է ոստիկանությունը։

Նշվում է, որ ցույցերի ժամանակ քաղաքացիները Մայրերի միջազգային օրվա կապակցությամբ նաև ֆլեշմոբեր են արել, ինչից հետո ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել։ Կայքի փոխանցմամբ՝ ոստիկանությունը շատերին ութ հոգուց ավել խմբերով հավաքվելու համար տուգանել է 2000 դոլարի չափով։

Քաղաքացիների խոսքով՝ ամիսներ առաջ մեկնարկած և կորոնավիրուսի համավարակի հետևանքով ընդհատված բողոքի այս ցույցերը նոր թափ են ստանում և դեռ երկար կշարունակվեն։

«Սա դեռևս սկիզբն էր, մեր բողոքի շարժումը պետք է վերսկսվի: Բոլորս պետք է այժմ արթնանաք»,- նշել են ցույցի մասնակիցները։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։