Հանձնաժողովը միայն Կարեն Կարապետյանի ասածի վրա չի հիմնվում, Ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի որակի վերաբերյալ կարևոր եմ համարում ՊԲ հրամանատարի բացատրությունները. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

15:56 • 11.05.20

Կարեն կարապետյանին տրված հարցերն առնչվել են սպառազինությանը և թիկունքային ծառայության վերաբերյալ այն ժամանակ իր կողմից արված հայտարարություններին, նաև հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել է իր վարչապետության ընթացքում՝ 2016-2018 թթ․, կատարված աշխատանքների վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ այսօր հանձնաժողովի հարցերին պատասխանել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հարցին՝ Կարեն Կարապետյանը պնդե՞ց իր հայտնի հայտարարությունը, որ անորակ վառելիքի պատճառով սպառազինությունները չեն աշխատել, նա արձագանքեց, որ Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվել է իրենց հետարքրքող հարցերի պատասխանենրը. «Այլ բան է, որ հանձնաժաողվը միայն Կարեն կարապետյանի տված պատասխանների վրա չի հիմնվում, երբ հանձնաժողովը հարց է տալիս, ինքը դրա հետ կապված նաև ունի այս մեկ տարվա ընթացքում արված ուսումնասիրություններ: Բացի այդ, այս հարցում ես հենվում եմ այն զինվորականների պատասխանների վրա, որոնք եղել են մինչև Կարեն Կարապետյանը, և շատ կարևոր եմ համարում ՊԲ հրամանատարի բացատրությունները: Ես այս պահին վստահաբար կարող եմ ասել, որ Պաշտպանության բանակի սպայակազմը իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքան որ կարողացել է»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին՝ գլխավոր դատախազին հրավիրելո՞ւ են, քանի որ վերջինս արձագանքել էր Կարապետյանի հայտարարությանը և ասել էր՝ խնդիրներ չեն առաջացել՝ վառելիքի հետ կապված, նա պատասխանեց, որ եթե գլխավոր դատախազը իրենց ունեցած տեղեկատվության վրա ավելացնելու բազա ունենար, կհրավիրեին:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հրավիրելու մասին հարցին, Քոչարյանն ասաց, որ ցանկի մեջ եղել է նրա անունը, բայց իր կարծիքով՝ այսօրվա կտրվածքով այն ժամանակվա կառավարության գործունեությունն իրենց իմացածի, ուսումնսիրածի վրա որևէ նոր բան չի ավելացնի:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հաջորդ հրավիրյալը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է և հավալեց, որ հանձնաժողովն ունի այն հարցի պատասխանը՝ արդյոք դիզվառելիքի որակի հետ խնդիր եղել է, թե ոչ, սակայն չհրապարակեց:


Մանրամասները՝ տեսանյութում: