«Այս պատերազմը դեռ չենք հաղթել». Նոր Զելանդիայի վարչապետը թուլացրել է կարանտինային ռեժիմը, սակայն զգուշացրել նաև վտանգների մասին

13:26 • 11.05.20

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ հինգշաբթի օրվանից երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմի թուլացումը նոր թափ կստանա, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ հինգշաբթի օրվանից իրենց գործունեությունը կարող են վերսկսել առևտրի կետրոնները, կինոթատրոնները և ռեստորանները։

Սոցիալական հեռավորության խստիվ պահպանման դեպքում սպորտային թիմերի խաղերը թույլատրելի կլինեն։ 

Չնայած տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ այս քայլերին՝ Արդերնը նշել է, որ Ավստրալիայի հետ պետական սահմանները դեռևս փակ կմնան։

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ շատ բան ունենք անելու։ Մենք մի քանի մարտերում ենք հաղթել, սակայն պատերազմը դեռ չենք հաղթել»,- հավելել է վարչապետը։

Կայքի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի 1497 վարակակիրներից 1386-ն արդեն ապաքինվել է, իսկ նախօրեին արձանագրվել է վարակման ընդամենը 3 նոր դեպք։