ՄԻՊ պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, ինչ-որ դեպքերում՝ ընդդիմությանը. Արման Թաթոյան (տեսանյութ)
Ինչպես է ստացվում, որ, օրինակ, ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Ազգային ժողովում հնչող սեռական բնույթի հայհոյանքը ձեր կողմից որևէ արձագանքի չի արժանանում, իսկ հետո այդ հայհոյանքը տրանսֆորմացվում է փողոց և բռնության դեպք է արձանագրվում, սակայն ձեր կողմից հայտարարություն է տարածվում միևնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ և ձեր կողմից բնորոշվում է որպես կնոջ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
«Խնդրում եմ պատասխանեք՝ սա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն է, թե՞ թերացում»,-հարցրեց նա:
Արման Թաթոյանը պատասխանեց՝ սա ոչ պատահականություն է, ոչ օրինաչափություն է, ոչ էլ թերացում է: «Դա աշխատանք է օբյեկտիվ, խոսքը վերաբերում է կնոջը, այն էլ ընդդիմադիր ներկայացուցչին: Ինչ վերաբերում է դրանից առաջ երկու պատգամավորների՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն, ապա իմ հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար, հետևաբար ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել, կարծում եմ, որ կնոջ հետ կապված ուրիշ հարթություն է»,-ասաց նա:
Արման Թաթոյանը նշեց, որ ինչ վերաբերում է ավելի ուշ տեղի ունեցած մեջադեպին, ՄԻՊ-ը անհապաղ քննարկում է կազմակերպել՝ ոստիկանության բաժին, ԲԿ-ներ գրություններ են հասցեագրված, որով պայմանավորված կտրվեն համապատասխան գնահատականներ, որը կվերաբերվի նաև այդ միջադեպի հարցին:
Արթուր Հովհաննիսյանը չհամաձայնեց Արման Թաթոյանի հետ և նշեց, որ այստեղ հնչած սեռական հայհոյանքից՝ մարդու արժանապատվությունը վիրավորելու ավելի վատ օրինակ չի կարող գտնել: «Ես ուզում եմ հիշեցնել մեկ այլ դրվագ, որին չեք արձագանքել և խոսքը նույն խմբակցության ղեկավարի արտահայտության մասին է՝ ուղղված ավիացիայի ծառայության ղեկավարին և սեռի հիմքով պայմանավորված՝ վիրավորական արտահայտություն էր հնչել»,-նկատեց նա:
Արման Թաթոյանը նշեց, որ ԱԺ միջադեպը իր համար տհաճ էր, բայց պաշտպանը քաղաքական նշանակության միջադեպի, կոնկրետ մարդկանց վերաբերյալ գնահատական տալ չի կարող:
«Ինչ վերաբերում է Տաթևիկ Ռևազյանի հետ կապված միջադեպին, ապա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, ինչ-որ դեպքերում՝ ընդդիմությանը»,-ասաց նա և նշեց, որ միջազգային կանոն կա, որը ամրագրված է սահմանադրական օրենքում, որը արգելում է պետական կառավարման մարմիններին՝ դիմել պաշտպանին:










