Եթե արտահայտվել է վիրավորանք, դա անթույլատրելի է, անկախ նրանից` ով է անում և ում է ուղղված. Արման Թաթոյանը՝ վարչապետի հայտարարությունների մասին (տեսանյութ)

13:47 • 11.05.20

Ճիշտ չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնա վարչապետի ելույթին, որովհետև դա նաև քաղաքական բնույթի ելույթ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին և դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելութին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը որակել էր «քստմնելի սադրանք» ընդդիմության կողմից:

«Ինչպես արդեն տարածել էի հայտարարությամբ, ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ կանոններ կան, որոնք չափազանց կարևոր են խորհրդարանում աշխատանքի հետ կապված, և այդ կանոնները հիմնված են միջազգային սկզբունքների վրա: Ես հատուկ գրել էի կանոններ, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատկապես կարևոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,-ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ խորհրդարանում խոսքը, վարքագիծը ոչ միայն օրինակ են, այլև կարևոր է կանխարգելիչ նպատակներով՝ ցանկացած խոսքում։

«Կապ չունի, քաղաքական խոսք կլինի, թե այլ, չպետք է օգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են դիմացինին: Վիրավորանքը ծնում է երկրոդ վիրավորանքը: Մեկը վիրավորում է, մյուսը ավելի շատ է պատասխանում։ Լարվածությունն աճում է, և կարող են լինել դեպքեր, որ վերածվի բռնության: Եթե հիշում եք, այդպիսի դեպք ունեցանք կորոնավիրուսի համաճարակի բռնկման սկզբում, երբ մի օգտատեր ծաղրող տեսանյութ էր պատրաստել կնոջ վերաբերյալ, և հետագայում այդ կնոջ բարեկամները, ըստ մամուլի հրապարակումների, հաշվեհարդար էին տեսել, պայմանավորվել էին, որ բռնություն գործադրեն: Հիմա տեսեք, երկու երևույթն էլ անթույլատրելի է, և՛ մարդուն վիրավորելը, ծաղրելը, և՛ այդպիսի հաշվեհարդարներ տեսնելը»,- ասաց Արման Թաթոյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ իրենց թիմը 2 տարի շարունակ բարոյական ու հոգեբանական բռնությունների է ենթարկվում, իշխանական ուժի կանանց սոցցանցերում սպառնում են բռնաբարել, Թաթոյանն ասաց, որ ինքը լարվածության թուլացման համար մշտապես աշխատանքներ է տանում:

«Ինձ համար կապ չունի իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի, եթե կա բռնության սպառնալիք, եթե կա վիրավորանք, ատելություն և բռնություն, ապա դա ինձ համար դատապարտելի է: Եթե կոնկրետ իրավիճակներ կան, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, միգուցե հատուկ իրավիճակներ կան, բայց, այն, որ սպառնալիքը, ատելությունը, և առհասարակ վիրավորանքը կա, տարածում ունի այդ արատավոր երևույթը, փաստ է»,- ասաց Արման Թաթոյանը։

Ըստ նրա՝ երբ ուսումնասիրում են սոցիալական ցանցերը, տպավորություն է, որ մարդիկ բաժանվել են խմբերի, մրցում են իրար հետ, թե ով ում ավելի շատ կհայհոյի: Դրա համար էլ, իր խոսքով, ինքը ԱԺ ամբիոնից դիմել է քաղաքացիներին, որ չներքաշվեն նման «քննարկումների» մեջ, որովհետև դա վտանգավոր է, և ագրեսիան հատկապես տարածվում է կեղծ օգտատերերից ու խմբերից, իսկ դա մտահոգիչ երևույթ է։

Լրագրողների հարցին, որ կան պնդումներ, որ այս մթնոլորտի ծնողը իշխանությունն է և վարչապետն է, հատկապես նրա հայտարարությունները՝ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին, խոսում է նաև «սամասուդի» մասին, Արման Թաթոյանն ասաց․

«Կրկին ձեռնպահ կմնամ որևէ քաղաքական բնույթի մեկնաբանությունից, կամ քաղաքական գործչի խոսքերի մեկնաբանությունից առհասարակ։ Ուզում եմ ասել հետևյալը․ կապ չունի, անկախ կարգավիճակից, ավելին՝ որքան բարձր է կարգավիճակը, այնքան մեծանում է պատասխանատվությունը, այնքան մեծանում է բեռը: Բոլորին է խոսքը վերաբերում, եթե արտահայտվել է վիրավորանք, դա անթույլատրելի է, անկախ նրանից՝ ով է անում և ում է ուղղված»,- ասաց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։