ԱՄՆ փոխնախագահը մամուլի քարտուղարի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ինքնակամ ինքնամեկուսացել է․ Bloomberg
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն իր մամուլի քարտուղարի մոտ կորոնավիրուսի ախտորոշումից հետո իր իսկ կամքով ինքնամեկուսացել է, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
«Կիրակի Փենսի թեստը բացասական պատասխան է տվել, սակայն, նախազգուշական նկատառումներից ելնելով, նա տանը կմնա», - գրում է գործակալությունը:
Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի հայտարարել փոխնախագահի որոշման մասին։
Այս շաբաթ Սպիտակ տան մի շարք աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մասնավորապես, կորոնավիրուս է հայտնաբերվել Փենսի մամուլի քարտուղար Քեթի Միլերի մոտ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փենսն ու Միլերը գտնվել են Սպիտակ տան մեկ շենքում։
Վարակվածների հետ շփման պատճառով ինքնակամ ինքնամեկուսացել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդն ու ԱՄՆ-ի ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին, որոնք COVID-19-ի դեմ պայքարի գործողությունների համակարգման հատուկ աշխատանքային խմբի կազմում են: Փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ խումբն ամեն օր հանդիպումներ է ունենում Սպիտակ տանը:
Հայտնի է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և Փենսն ամեն օր կորոնավիրուսի թեստ են հանձնում։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1 367 638 դեպք, որից 80 787-ը՝ մահվան ելքով։










