ԱՄՆ-ն կորոնավիրուսով հիվանդներին ֆիքսելու համար օգտվում է «հնացած» տեխնոլոգիաներից․ Politico
ԱՄՆ առողջապահության պետական հաստատությունների մասնագետները տվյալների փոխանակման և կորոնավիրուսով վարակվածների շփումների շրջանակին հետևելու համար օգտվում են տվյալների ամրագրման հնացած եղանակներից և տեխնոլոգիաներից, այդ թվում՝ ֆաքսից, գրում է Politico թերթը:
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ առողջապահության ոլորտի պետական հաստատություններում՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից մինչև առողջապահության ոլորտի տեղական հաստատություններ, հիվանդների շփումների շրջանակին հետևող մասնագետները «խեղդվում» են մեծ քանակությամբ թղթային հաշվետվություններում, կազմում են էլեկտրոնային աղյուսակներ և օգտվում ֆաքսերից:
«Կորոնավիրուսի վարակակիրներին հետևելու մեր հնարավորությունները սահմանափակ են»,- հրատարակությունը մեջբերում է Վաշինգտոն նահանգի կորոնավիրուսի արձագանքման թիմի համակարգող Ռաքել Բոնոյի խոսքը:
Նա նշել է, որ հաշվետվությունները «հիմնականում ձեռքով են կազմվում»: Պարբերականի տվյալներով՝ նման պատկեր է ամբողջ երկրում։
Թերթը նկատում է, որ այս իրավիճակի պատճառը «տարիների բաց թողնված հնարավորություններն են» և որ ամերիկյան բժշկական հատվածի մեծ մասն արդիականացման է անցել, մինչդեռ պետական հաստատությունները հետևում են մնացել։










