ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրները դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Չինաստանի

11:03 • 11.05.20

ԱՄՆ տասնյակ քաղաքացիներ ու ձեռնարկություններ ցանկանում են պատասխանատվության ենթակել Չինաստանին կորոնավիրուսի համավարակի սկզբնաղբյուր լինելու և իրենց երկում ավելի քան 80 000 մարդու մահվան պատճառ դառնալու համար, գրում է nzherald.co.nz կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մինչ այժմ ԱՄՆ-ում առնվազն ինը դատական գործ է հարուցվել Չինաստանի դեմ: Ներկայացված հայցերում նշվում է, որ չինական իշխանությունները վարակի տարածումը կանխելու համար ժամանակին անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկել և թաքցրել են Ուհան քաղաքի կենտրոնում վիրուսի բռնկումը, փորձել են կոծկել իրենց գործողությունները և վարակման դեպքերի մասին իրական տեղեկությունները։

«Զգում եմ, որ նրանք թաքցրել են դա աշխարհից ու ամերիկացիներից: Մենք չպետք է այդքան կորուստներ ունենայինք, տնտեսությունը չպետք է «փակեինք»։ Դա տակնուվրա է արել ամերիկացիների կյանքը։ Կարծում եմ՝ պետք է ուղղենք որոշ անհամապատասխանություններ»,-նշել է կորոնավիրուսով վարակվելուց հետո ծանր վիճակում հայտնված հիվանդը, որը նույնպես իր «բողոքն» է բարձրացրել չինական կառավարության գործողությունների դեմ։

Աղբյուրը մանրամասնում է, որ հայցերից ութը հավաքական է և ներկայացնում է հազարավոր մարդկանց և բիզնեսներ: Հայցերից մեկը կազմվել է Միսուրիի գլխավոր դատախազի կողմից: 

Նշվում է, որ դատական գործերը որոշ դժվարությունների են բախվում, քանի որ «Օտարերկրյա իշխանության անձեռնմխելիության» մասին օրենքի համաձայն՝ ԱՄՆ-ի ներսում օտարերկրյա կառավարությունները չեն կարող դատվել՝ իհարկե, որոշ բացառություններով։